ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը հիմնական թիրախ

Հանրապետականն ու Սերժ Սարգսյանը հիմնական թիրախ
02.05.2023 | 22:44

Նիկոլի իշխանության հիմնական թիրախը Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանն են: Դա հասկանալի է, որովհետև Հանրապետականն ու նրա առաջնորդը, առաջին իսկ օրվանից (2018 թ. մայիս-հունիս), որպես առանցքային քաղաքական ուժերից մեկը, իրենց գործունեությամբ հանդես են եկել իրական և արմատական ընդդիմության դիրքերից` մինչև վերջին դետալը վեր հանելով ու չհանդուրժելով ազգակործան քաղաքականության որևէ դրսևորում:

Տարբեր ծագում ունեցող մի շարք «կուսակցություններ», դիրքավորվելով որպես ընդդիմություն` պարբերաբար թիրախավորում են նաև Հանրապետականին, որովհետև գուցե կարծում են, թե այդ կերպ կարող են «ինքնահաստատվել ու քաղաքական կշիռ հավաքել» ընդդիմադիր դաշտում: Նմանատիպ վարքաբանությամբ երբեմն աչքի են ընկնում նաև տարբեր անհատներ, ազնիվ մղումներով կամ անազնիվ միտումով` լարովի «վերլուծաբաններ», օպորտունիստներ, կոլաբորացիոնալիստներ, մանրածախ ու մեծածախ «գործիչներ» ու խմբավորումներ: Հանուն արդարության ասենք, որ այս շարքում կան նաև ազնիվ մղումներով քննադատողներ ու կոչեր հնչեցնողներ, որոնք հուսահատության այս ծանր իրավիճակից ելքեր փնտրելով` միգուցե մտածում են, որ Հանրապետականն այս պահին կարող է ավելին անել` քան անում է:

Վերադառնալով անազնիվ քննադատողներին պետք է նշենք, որ նեղ քաղաքական կամ օտար գլոբալ խաղերի, կամ անձնական շահերի իմաստով`իրենց բոլորին տեսնում ու հասկանում ենք: Ինչպես ասում են` առաջին օրը չենք քաղաքականության մեջ ու «շատերի կաշին դաբախանից ենք ճանաչում»: Գիտենք թե ո՞վ ի՞նչ է շնչում, որտեցի՞ց է սնվում, ինչի՞ համար է ստեղծվել և այլն: Բայց ոչ մի կերպ չենք կարողանում ընդունել մի հանգամանք:

Հանրապետական կուսակցությունն անշուշտ սրբադասման ենթակա չէ և հաստատ ունի նաև քննադատելու տեղեր: Երբ պետությունն այս օրհասական իրավիճակի հասցրած իշխանությունն է քննադատում Հանրապետականին, դա հասկանալի է, որովհետև նրանում իրական հակակշիռ ու ազդեցիկ քաղաքական բևեռ է տեսնում: ՔՊ-ն դա հաճախ անում է նաև բնազդաբար` կենսաբանական վախի ու պետության դեմ գործած դավադրությունների համար իրենց պատասխանատվության անխուսափելիության գիտակցությամբ: Բայց երբ ընդդիմադիր դաշտում գործող անհատներն ու խմբավորումներն են դա անում` առնվազն կասկածի տակ է դրվում հանուն հայրենիքի օր առաջ իշխանափոխության հասնելու նրանց կոչերը:

Հարգելի գործընկերներ, երբ մի կողմից իբրև թե «քննադատում եք», իսկ մյուս կողմից կոչեր եք անում համախմբվել, ոտքի կանգնել ու անպայման կարևորում եք Հանրապետականի ռեսուրսներն ու քաղաքական կշիռը` կողմնորոշվեք խնդրեմ: Դուք կամ իրավիճակի լրջությունը չեք հասկանում, կամ իշխանությունների հետ լատենտ խաղերի մեջ եք, կամ զբաղվում եք սովորական ինքնախաբեությամբ:

Մեկ անգամ ևս հիշեցնեմ այն, ինչ ասվել է բազմիցս: Հանրապետականն իշխանության համար չի պայքարում, այլ անվտանգ հայրենիք ու արժանապատիվ պետություն ունենալու համար: Եվ որպես իրական ընդդիմություն ապացուցել է, որ պատրաստ է աջակցել ու սատարել բոլոր նախաձեռնություններին, որոնք փորձում են փոխել մեր երկրի կապիտուլյացիոն ընթացքն ու կապիտուլյանտ իշխանություններին:

Մնացածը գուցե անցյալի և ապագայի նկատմամբ ձեր թյուր պատկերացումներն են, բայց այս պահին ընդամենը պարապ զբաղմունք են: Լավ կլինի ձեր էներգիան ու ջանքերն ուղղեք դեպի օգտակար և արդյունավետ նպատակներ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4372

Մեկնաբանություններ